Եվրամիության երկրների ծախսերը 2022 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանից «Տրանս Ադրիատիկ» գազատարով գազ գնելու համար (TAP) կազմել են 2,1 մլրդ եվրո:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, նման տվյալներ են ներկայացվել Եվրոպական գազի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրահանձնաժողովի եռամսյակային հաշվետվության մեջ: Զեկույցում նշվում է, որ 2022 թվականի առաջին ամիսներին ԵՄ-ն մոտ 78 մլրդ եվրո է ծախսել գազի ներկրման համար: Այդ գումարից 26,5 մլրդ եվրոն բաժին է ընկնում Ռուսաստանից ներկրվող գազին, 19,2 մլրդ եվրոն՝ Նորվեգիայից, 5,4 մլրդ եվրոն՝ Հյուսիսային Աֆրիկային:
ԵՄ-ն 2022 թվականի առաջին եռամսյակում մոտ 33 մլրդ եվրոյի գազ է ներմուծել ԱՊՀ-ից։ ԵՄ-ում նշել են Ադրբեջանից մեկ տարվա ընթացքում մատակարարումների աճի մասին:
Եվրահանձնաժողովում ընդգծել են, որ TAP-ն ապահովում է ադրբեջանական գազային ռեսուրսների հասանելիությունը Հարավային գազային միջանցքով, ինչը, ըստ զեկույցի, ԵՄ գազի մատակարարման անվտանգության քաղաքականության կարեւոր արդյունքն է: TAP գազամուղով ադրբեջանական գազի մատակարարումներն Իտալիայում, Հունաստանում և Բուլղարիայում սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 31-ին: