Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում առավել մանրամասն քննարկվել են հուլիսի 1-ին կայացած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ես հույս ունեմ, որ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո հնարավորություն կստեղծվի երկկողմ հանդիպումներն արդեն անցկացնել երկու երկրներում»,-նշել է Գրիգորյանը։
Գրիգորյանը հայտնեց, որ հայ-թուրքական գործընթացի մասին հայկական կողմը տեղյակ է պահում ՌԴ-ին և մյուս գործընկերներին։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման չեղարկմանը, Գրիգորյանը նշեց, որ քննարկումները շարունակվում են՝ նաև այլ ուղղություններով։
Ինչ վերաբերում է ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին՝ որպես ազգային անվտանգության սպառնալիքի՝ Գրիգորյանը նշեց, որ ընդդիմադիրները պետք է ընդունեն 2021 թ.-ի ընտրությունների արդյունքները։ «Ընդդիմության համար կարմիր գծեր չկան», – նշեց նա։