Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում են՝ «Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Ինչպես հայտնում է ՇՄ նախարարության մամուլի ծառայությունը՝ հանդիպմանը տարածաշրջանի երկրների բնապահպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում ընդհանուր մարտահրավերները և գլոբալ աղետների արդյունավետ հաղթահարման շուրջ ջանքերի միավորման հնարավորությունները։
Հանդիպմանը նախարար Հակոբ Սիմիդյանը հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է հայ-իրանական բարեկամական հարաբերություններին՝ մատնանշելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության արդյունքում ձևավորված միջպետական համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդման անհրաժեշտությունը և կարևորել ոլորտում առկա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ աշխատանքների ծավալումն ու զարգացումը։
Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև ջրային ոլորտի խնդիրներին և խոսել դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերից։
Ելույթի ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության և անձամբ իր պատրաստակամությունը՝ համագործակցելու տարածաշրջանի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ գլոբալ բնապահպանական օրակարգի առաջմղման գործում: