Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հաղորդակցությունների բացմանը և մի շարք այլ հարցեր։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարճատև այցով ժամանել է Ադրբեջան։ Նախքան Ադրբեջան այցը Կլաարը Երևանում մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության հետ։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը նա քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացը, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանը միջազգային հանրության շարունակական ուշադրության անհրաժեշտությունը։ Կլաարը տարածաշրջանում ստեղծված իրավիճակը քննարկել է նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։