Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմում հայտարարել են, որ վերջինս հույս ունի երկկողմ բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 18-19-ը Իրան այցի շրջանակներում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Նախագահը նախատեսում է երկկողմ հանդիպում անցկացնել իր ռուս գործընկերոջ հետ»,- ասվում է Էրդողանի գրասենյակի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր հաջորդ շաբաթ Վլադիմիր Պուտինի այցը Իրան:
Պեսկովը հավելել է, որ Իրանում կկայանա Պուտինի եռակողմ հանդիպումը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները նաև առանձին բանակցություններ կանցկացնեն։
Կրեմլի ներկայացուցիչը հստակեցրել է, որ այցը կկայանա հուլիսի 19-ին:
Մինչ այդ Merh գործակալությունը, վկայակոչելով Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահին, հայտնել էր, որ Պուտինը հաջորդ շաբաթ Թեհրանում կհանդիպի Ռայիսիի հետ: Բանակցությունների գլխավոր թեման կլինի երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումը։