ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը Երևանում քննարկել է հետախուզական տեղեկատվության փոխանակման և արտաքին սպառնալիքների բացահայտման համատեղ գործողությունների հարցերը: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում։
Նարիշկինը տեղեկացրել է, որ Երևան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և աշխատանքային հանդիպում ունեցել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ: «Բանակցությունների ընթացքում բարձր գնահատական է տրվել մեր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բովանդակությանն ու բնույթին։ Ընդգծվել է նաև մեր երկու ժողովուրդների ճակատագրի ընդհանրությունը», – ասել է նա։
Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը դրական զարգացում է ապրում տնտեսական, ռազմաքաղաքական և հումանիտար ոլորտներում: Նարիշկինի խոսքով՝ այդ համագործակցության մի մասը նաև հատուկ ծառայությունների փոխգործակցությունն է:
«Այսօր իմ գործընկերների հետ քննարկել ենք հետախուզական տեղեկատվության փոխանակման, Հայաստանի և Ռուսաստանի նկատմամբ արտաքին սպառնալիքների մի ամբողջ շարք բացահայտելու և կանխարգելելու նպատակով համատեղ գործողությունների հարցերը։ Մենք, իհարկե, առաջիկա տարիների համար ձևավորում ենք համատեղ աշխատանքի պլան։ Մենք դրական ենք գնահատում մեր փոխգործակցության մակարդակը, այն համարում ենք վստահելի, շատ պրոֆեսիոնալ և օգտակար մեր երկու երկրների համար», – հայտարարել է Նարիշկինը:
Նարիշկինի խոսքով, ռուսական կողմը ելնում է նրանից, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը որոշվում է բազմաթիվ գործոններով, հանգամանքներով և առաջին հերթին տնտեսության, մշակույթի, քաղաքականության, ռազմաքաղաքական ոլորտներում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության ուղղությունների մի ամբողջ ցանկով: Նա նշել է, որ երկու պետությունների հատուկ ծառայությունների փոխգործակցությունը այդ փոխգործակցության էական և անքակտելի տարր է:
Նարիշկինը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է օգնել հայ գործընկերներին արտաքին հետախուզության ծառայության ձևավորման հարցում: Նարիշկինը նշել է, որ պետանվտանգության համակարգի բարեփոխման, արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծման հարցը, իհարկե, Հայաստանի քաղաքական ղեկավարության իրավասությունն է:
«ՌԴ-ն, արտաքին հետախուզության ծառայությունը ցանկացած դեպքում, ինչ ձևաչափով էլ մենք մեր հարգարժան գործընկերների, գործընկերների հետ աշխատենք, մենք ցանկացած մեթոդաբանական օգնություն, աջակցություն կցուցաբերենք և նաև հուսալիորեն, հետևողականորեն կփոխգործակցենք, ինչպես մենք դա արել ենք մինչև այսօր, քանի որ մենք ունենք ընդհանուր խնդիրների մեծ ծավալ, որը մենք պետք է լուծենք», – ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։