Իրանը կտրականապես դեմ է լինելու Հայաստանի սահմանների արգելափակմանը: Այս մասին հայտնել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, մեջբերում է «Իսնա» գործակալությունը։
«Իհարկե, եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի դրան, քանի որ հազարամյակներ շարունակ այս սահմանը եղել է տարանցիկ կապ»,- ասել է Խամենեին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Իրան:
Նրան Սադաբադ պալատում պաշտոնական արարողությամբ դիմավորել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ Էրդողանի հետ Իրան են մեկնել պաշտպանության, ներքին ու արտաքին գործերի նախարարները, գանձապետարանի և ֆինանսների նախարարը, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարը, երիտասարտության և սպորտի նախարարը, առևտրի նախարարը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը, ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարը, նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավարը և նախագահի մամուլի խոսնակը:
Այցի շրջանակներում նախատեսվում է երկու երկրների ղեկավարների նախագահությամբ անցկացնել Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ ժողովը:
Երկկողմ հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ:
Այցի շրջանակներում Էրդողանը նաև մասնակցելու է Աստանայի ձևաչափով Էրդողան-Պուտին-Ռայիսի եռակողմ հանդիպմանը: Բացի այդ, նշվում է, որ Թեհրանում տեղի է ունենալու նաև Էրդողան-Պուտին առանձին հանդիպումը:
Ըստ թուրքական աղբյուրի՝ նախատեսվում է, որ այդ հանդիպմանը քննարկվելու են Սիրիայում զարգացումների, տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ահաբեկչական կազմակերպությունների՝ մասնավորապես PKK/YPG և ԻՊ-ի դեմ պայքարի, քաղաքական լուծման ջանքերի, հումանիտար իրավիճակի և սիրիացիների կամավոր վերադարձի վերաբերյալ հարցեր: