Ֆրանսիան իր զորակցությունն է հայտնում ուղիղ կապի շարունակությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը, որը լավ նախադրյալներ է ստեղծում այդ երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար։
Այս մասին ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որի տեքստը զետեղված է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղար Կարեն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արձագանքել է նաև հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
Հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին երկկողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի: Հայկական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը: ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է նաև հումանիտար խնդիրների լուծումը, այդ թվում՝ հայ ռազմագերիների ազատ արձակումն ու վերադարձը, անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանումը: