Չեխիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր իմ գործընկեր Յան Լիպավսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային հիմնախնդիրներին։
«Այսօր մենք մանրամասն քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին։
Նախարար Լիպավսկիին ներկայացրել եմ Հայաստանի դիրքորոշումն ու ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման հասնելու գործում։ Այս կապակցությամբ իմ երախտագիտությունն եմ հայտնում չեխական կողմին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և դերակատարությանը շարունակական աջակցության համար։
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից մոտ երկու տարի անց հումանիտար խնդիրները մնում են չլուծված։ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական գործիք։ Խիստ մտահոգիչ է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման քաղաքականությունը։ Այս առումով միջազգային հանրությունից ակնկալում ենք հասցեական արձագանք և գործնական քայլեր։
Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանը բազմիցս հայտարարել է նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն մեր տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման»,-նշել է Միրզոյանն իր ելույթում։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ ազդեցություն ունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա, Միրզոյանը նշել է.
«Իհարկե, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի վրա: Ուստի մենք փորձում ենք գտնել կարճաժամկետ և միջնաժամկետ լուծումներ և մեխանիզմներ՝ այս մարտահրավերները հասցեագրելու, և հնարավորության դեպքում, չեզոքացնելու համար: Հուսով եմ, որ մենք կհաջողենք այս գործընթացում»։