Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատված ուղիղ կապը մի քանի ամիս է՝ չի գործում։ Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք նախորդ տարի ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատված ուղիղ կապը գործում էր։
Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապ գոյություն ունի։
«Ինչքան էլ քննադատենք Ադրբեջանի ագրեսիվությունը, սակայն պետք է գնահատենք փաստը` նախկինում երկու երկրների պաշտպանության նախարարների միջև երբեք ուղիղ կապ չի եղել, առաջին անգամ է նման բան տեղի ունենում։ Դա մի տեսակ իմպրովիզով ստացվեց, երբ մտածում էինք, թե ինչ կարող ենք անել այս հրադադարի խախտումների հետ կապված»,-ասել էր Փաշինյանը։
Նշենք, որ դեռևս 2021-ի նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո ԵԽ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվել էր, որ միջադեպերից խուսափելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել։