Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիձ Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում անցկացվող Դեսպանների 13-րդ համաժողովին, որի ընթացքում անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմին ու Հայաստանի հետ կարգավորման գործընթացին:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի խոսքով՝ ձեռք բերված համաձայնություններով Հարավային Կովկասում նոր ժամանակաշրջան է սկսվել, իրենք էլ մեծ ջանք են գործադրում, որ այդ պատմական հնարավորությունը չկորսվի:
«Մինչև այսօր Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններ անցկացնելով՝ մի շարք քայլեր ենք կատարել: Չնայած հայկական ռադիկալ շրջանակների սադրանքներին՝ կարևոր տարածություն ենք անցել Կովկասում տևական խաղաղության ճանապարհին:
Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչների միջոցով մեր սկսած բանակցությունները շարունակվում են: Վարչապետ Փաշինյանի՝ Քուրբան բայրամի առիթով կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք: Հավատում եմ, որ Հայաստանի՝ զարգացումները ճիշտ ընկալելու, Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին պատասխանելու դեպքում մեր տարածաշրջանը կարճ ժամանակահատվածում կայունության կհասնի»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ հուլիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։