Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանին «սադրանքների» մեջ է մեղադրել և նախազգուշացրել, որ Թուրքիան հանդես է գալիս արդարության օգտին և շարունակելու է աջակցել Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, նա դա հայտարարել է Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության հենց սկզբից Թուրքիան աջակցել է Ադրբեջանի բանակին:
Նրա խոսքով, 44-օրյա պատերազմից հետո Անկարան շարունակում է ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման, համագործակցության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ: «Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին», – ասել է թուրք նախարարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ինց սկսած Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան, ինչպես նաև Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքի հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավորում են ստացել 19 զինծառայողներ, մահացու հրազենային վիրավորում՝ 2 պայմանագրային զինծառայողներ։