Թուրքական բանակի հրետանին չորեքշաբթի օրը հրթիռակոծել է Սիրիայի Ռաքքա նահանգի հյուսիսում գտնվող Այն-Իսա, էդ-Դեբս և էլ-Խուշան բնակավայրերը: ТАСС-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնել է Al Ekhbariya հեռուստաալիքը, թուրքական զորքերն ու Անկարայի կողմից աջակցվող սիրիական ընդդիմության ձևավորման վրա կրակ են բացել ծանր զենքերից և ականանետերից: Արդյունքում ավերածություններ կան տեղի բնակիչների տներում։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Կրակի տակ են հայտնվել նաև Մ4 ռազմավարական մայրուղու մի քանի հատվածներ, որոնք կապում են Սիրիայի արևմտյան և արևելյան շրջանները։
«Ալ Իհբարիան» նշում է, որ «թուրքական օկուպացիոն ուժերի կողմից Ռաքքայի հյուսիսային շրջանների գնդակոծությունները խախտում են նահանգի տնտեսական կյանքը և կաթվածահար են անում երթևեկությունը»: Բացի այդ, հրետանային հարվածների հետևանքն է դարձել հարյուրավոր սիրիացիների ընտանիքների տեղափոխումը նահանգի վտանգավոր շրջաններից:
Թուրքական զորքերը կրակ են բացել այն տարածքի վրա, որը վերահսկում են քրդական «Ժողովրդավարական Սիրիայի ուժերը»։ Երեքշաբթի թուրքական ՌՕՈՒ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով էլ Քամիշլի քաղաքում զոհվել է մեկ խաղաղ բնակիչ և չորս քուրդ մարտիկ, վիրավորների թվում կան կանայք և երեխաներ:
Թուրքիան 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողություն է իրականացրել՝ իր սահմանի երկայնքով ստեղծելով անվտանգության 30-կիլոմետրանոց գոտի։ Այնտեղ տեղակայված սիրիական զինված ընդդիմության խմբավորումները ռազմական գործողություններ են իրականացնում քրդական ուժերի դեմ։