Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն առաջիկա շաբաթներին հայկական կողմից սպասում է «Զանգեզուրի միջանցքի» երթուղուն:
«Մենք պետք է խաղաղ բանակցություններ սկսենք Հայաստանի հետ: Առայժմ մենք դրական պատասխան չենք ստացել, բայց հուսով եմ, որ մենք կստանանք այն։ Պետք է ստեղծել դելիմիտացիայի հանձնաժողով։ Նրանք դեմ էին դրան, բայց ի վերջո համաձայնեցին։ «Զանգեզուրի միջանցք» է պետք, բայց նրանք դրան էլ էին դեմ։ Հիմա առաջիկա շաբաթներին նրանցից սպասում ենք «Զանգեզուրի միջանցքի» երթուղուն»,-Ալիևի խոսքերն են մեջբերել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ինքը երբեք թույլ չի տվել Ղարաբաղի թեման ներառել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում:
«Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ղարաբաղի թեման չկա։ Նման փորձեր եղել են, բայց ես երբեք դրա համաձայնությունը չեմ տվել։ Հայաստանին դա չի վերաբերում։ Դա մեր ներքին գործն է։ Այսօր բանակցությունների սեղանի շուրջ ընդհանրապես որևէ կարգավիճակի մասին խոսք չկա: Ղարաբաղում ապրող հայերը ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ էլ հատուկ արտոնություններ չեն ունենա։ Նրանք լինելու են Ադրբեջանի նույն քաղաքացիները»,-հայտարարել է Ալիևը։