Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը սպառազինության և էներգառեսուրսների շուկայում։ Միայն վերջին երկու տասնամյակների ընթացքում մեր երկիրը դուրս է եկել սպառազինություն ներմուծողների շարքից՝ իրեն դրսևորելով որպես համաշխարհային շուկայում խոշոր մշակող և զենքի մատակարար։ Այս մասին «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Չորում նահանգում մի շարք օբյեկտների բացման արարողության ժամանակ։
Նրա խոսքով՝ պաշտպանության ոլորտում վերջին 21 տարվա ընթացքում Թուրքիայի ներկրումները նվազել են մինչև նվազագույն ցուցանիշի։
«Մեր ջանքերը չեն սահմանափակվում միայն պաշտպանական ոլորտով։ Կարևոր քայլեր են ձեռնարկվում էներգետիկ ոլորտում։ Այն դեպքում, երբ եվրոպացիները լրջորեն մտահոգված են առաջիկա ձմռան հետ կապված, Թուրքիան ռազմավարական քայլեր է ձեռնարկում իր էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար», – ասել է Թուրքիայի նախագահը։
Նա ուշադրություն է հրավիրել Սև և Միջերկրական ծովերում Թուրքիայի ջրերում հետախուզական և հորատման աշխատանքների վրա։ «Ես հավատում եմ, որ Abdülhamid Han հորատման նավը, որն այս պահին հետախուզական աշխատանքներ է իրականացնում Միջերկրական ծովում, մեզ կուրախացնի ոչ պակաս, քան Սև ծովում 540 մլրդ խորանարդ մետր ռեզերվով գազի հանքավայրի հայտնաբերման լուրը», – ասել է Թուրքիայի նախագահը:
Ներքին հանքավայրերից գազի արտահանման շնորհիվ Թուրքիան ավելի ուժեղ կդառնա, վստահեցրել է Էրդողանը։