Ղազախի շրջանի յոթ գյուղեր ընդգրկվել են Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիայի բանակցությունների մեջ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Աբաս Խալիլովին: Ադրբեջանի այս շրջանը սահմանակից է Հայաստանի Տավուշի մարզին։
Խալիլովը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին 110 սահմանապահ-մարտական դիրք է տեղակայել:
2021 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ անկլավների հարցը պետք է լուծվի ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի շուրջ բանակցությունների ընթացքում։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մեկնաբանելով սահմանի սահմանազատման ժամանակ Բաքվին գյուղերի կամ անկլավների հնարավոր փոխանցման հարցը, նշել է, որ «ոչ ոք չի կարող հստակ պատասխան տալ այդ հարցին, թե ինչպիսին կլինեն մեր ճշգրիտ սահմանները: Այդ հարցը պետք է քննարկվի»։