Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին հայտարարել է, որ ռուս զբոսաշրջիկների թվի աճը չի սպառնում երկրի անվտանգությանը։ Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն։
«Հանգիստ եղեք, խուճապի մի մատնվեք: Եթե ինչ-որ մեկն ուզում է գործակալներ ուղարկել, ապա դրա համար պետք է ոչ թե 900 հազար այցելու, այլ 500-200-100 մարդ։ Ոչ ոք չի կարող 1000 կամ 2000 գործակալ ուղարկել երկիր»,- ասել է նա՝ պատասխանելով Վրաստան եկող ռուսների հոսքի ավելացման մասին հարցին։
Ըստ Պետանվտանգության ծառայության պետի, ռուս զբոսաշրջիկները Վրաստան են եկել 2018 և 2019 թվականներին, 2019 թվականին «հաշվետու ժամանակահատվածում նրանց հոսքը կրկնակի շատ է եղել, մինչդեռ դիվերսիա կամ ահաբեկչական գործողություններ չեն եղել»։ Լիլուաշվիլին ասել է, որ Ծառայությունը «Ներքին գործերի նախարարության և այլ կառույցների հետ միասին փորձում է հնարավորինս զտել անցանկալի այցելուներին»։
«Դուք հնարավորություն չեք ունենա հանրային տարածքում տեսնել սահմանին կալանավորված կամ արտաքսված այլ երկրների քաղաքացիների, ովքեր աչքի են ընկել դիվերսիոն գործողություններով կամ կասկածելի էին։ Այնպես որ, հանգիստ եղեք»,- ասել է Լիլուաշվիլին՝ նշելով, որ այցելուների կողմից հանցագործությունների թիվը զրոյական է։
Աղբյուրը նշում է, որ քաղաքացիական սեկտորի զգալի մասը և մի քանի ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ պահանջում են Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնել։ Նրանք կարծում են, որ Ռուսաստանի քաղաքացիների անվերահսկելի հոսքը Վրաստան ազգային անվտանգության խնդիր է։
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ երկիր ժամանողների թվում առաջին տեղում են Ռուսաստանի քաղաքացիները։ Միայն հուլիսին Վրաստան է այցելել Ռուսաստանի 156 հազար քաղաքացի։