Կանայք և երեխաները լքել են Ջերմուկ քաղաքը՝ այնտեղ թշնամու ակտիվ կրակոցների պատճառով: Այս մասին Armenia Today-ին հայտնեց տեղի հասարակական կազմակերպություններից մեկի նախագահն, ով չցանկացավ հրապարակել իր անունը:
Մեզ փոխանցած տեղեկությունների համաձայն՝ կրակոցները սկսվել են առավոտյան և շարունակվում են նաև այս պահին:
Թե ինչ տրամադրություն է տիրում Ջերմուկում, խուճապ առկա՞ է, մեր զրուցակիցը ձեռնպահ մնաց պատասխանել:
«ՊՆ-ի տարածած հաղորդագրությանն ավելացնելու բան չունեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: