ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև 2021 թվականի աշնանը Վրաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությանը։ Այնուհետ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել գերեվարված 15 հայ զինվորների՝ Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։
«Նշվել է, որ Վրաստանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում արդյունավետ համագործակցության հետագա զարգացումը նույնպես կարևոր է տարածաշրջանի կայուն և կայուն զարգացման համար»,- հայտնում է մամուլի ծառայությունը։
Հանդիպման ավարտին Ղարիբաշվիլին Թուրքիայի նախագահին հրավիրել է այցելել Վրաստան։
Ավելի վաղ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքն անթույլատրելի են, իսկ հետագա էսկալացիաները կանխելու նպատակով պետք է գործի դրվեն միջազգային մեխանիզմներ։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: ԲլինքենԵռակողմ հանդիպումՄիրզոյան-Բայրամով