Վրաստանը պատրաստ է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կենտրոն՝ հանուն տարածաշրջանային խաղաղության։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում։
«Մենք պատրաստ ենք դառնալ երկխոսության կենտրոն [Հայաստանի և Ադրբեջանի] համար, որպեսզի հաստատենք անհրաժեշտ խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում։ Հենց նման մտադրությամբ է Վրաստանը նպաստում հարևանության խաղաղ նախաձեռնությանը, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների մասնակցությունը», – ասել է նա։
Վրաստանի նախարարների կաբինետի ղեկավարը հավելել է, որ հարևանության խաղաղ նախաձեռնությունն ուղղված չէ արդեն գոյություն ունեցող ձևաչափերի փոխարինմանը: Նրա խոսքով՝ Վրաստանը հույս ունի դառնալ բարեխիղճ միջնորդ, որը կօգնի տարածաշրջանային անվտանգության կարգավորմանը:
Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ Վրաստանի միջնորդության շնորհիվ 2021թ. հունիսին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 զինծառայող, իսկ Երևանը Բաքու է ուղարկել ականապատ դաշտերի քարտեզներ: Միջնորդության ևս մեկ օրինակ է դարձել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը կայացել է 2022թ. հուլիսի 16-ին Թբիլիսիում:
Սևծովյան տարածաշրջանում կայունության ապահովման համար հարևանության խաղաղ նախաձեռնությունը Ղարիբաշվիլին առաջին անգամ հնչեցրել է 2021 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում: Ինչպես նա հայտարարել էր այն ժամանակ, նախաձեռնությունը կհանգստացնի իրավիճակը տարածաշրջանում։