Իրանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով թշնամական ուժերի սխալները չեն կարող կանգնեցնել Իսլամական Հանրապետության առաջընթացն ու ռազմավարական ձեռքբերումները։ Նման հայտարարությամբ է շաբաթ օրը հանդես է եկել ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին։ Նա քննադատել է «նրանց, ովքեր անպատասխանատու դիրքորոշում են որդեգրել և բռնության են հրահրել»։
«Մենք կշարունակենք պայքարը անկարգությունների դեմ և կպաշտպանենք քաղաքացիների իրավունքները՝ պահպանելով Իսլամական իրավական նորմերը», – հայտարարել է ՆԳ նախարարը: «Բոլոր խռովարարները, որոնք ջարդեր են կազմակերպել, հարձակվել են պետական հաստատությունների և իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, կենթարկվեն դատական պատասխանատվության»:
Վահիդին նշել է, որ «Իրանում սաբոտաժի ակցիաներ անցկացնելու համար կազմակերպված խմբերը նախապես պատրաստվել են նրանց կողմից, ովքեր հետևում են Միացյալ Նահանգներին և հակահեղափոխական ուժերին»: «Գործարկվել է հասարակ մարդկանց սպանությունների սցենարը, որպեսզի հետո դրա մեջ մեղադրեն իշխանություններին», – ընդգծել է նա:
Իրանցի նախարարը ներկայացրել է 22-ամյա Մախսա Ամինիի գործով հետաքննության արդյունքները, որը, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է ոստիկանական բաժանմունքում սրտի կաթվածից: Նրա խոսքով՝ բժշկական եզրակացությունը վկայում է, որ աղջիկը ծեծի չի ենթարկվել և գանգի կոտրվածք չի հայտնաբերվել: Վահիդին ափսոսանք է հայտնել այդ ողբերգական միջադեպի կապակցությամբ, որից օգտվել են «նրանք, ովքեր անկարգություններ են հրահրել և փորձել են քաոս առաջացնել երկրում»:
Անդրադառնալով սոցցանցերին հասանելիության սահմանափակումներին՝ ՆԳ նախարարը նշել է, որ այդ միջոցը ժամանակավոր բնույթ է կրում և նախատեսված է «խռովարարների անվտանգության վերահսկողության և զսպման համար»: