Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Ադրբեջանը Հայաստանին խաղաղ համաձայնագրի նախագծի քննարկման համար առաջարկել է հանդիպման վայր և ժամանակ։
Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, հայտնում է Trend-ը։
Բայրամովի խոսքով, վերջերս բրյուսելյան հանդիպումից հետո Ադրբեջանը Հայաստանին իր պատրաստակամությունն է հայտնել աշխատել խաղաղ համաձայնագրի վրա, և հանդիպումից կարճ ժամանակ անց Հայաստանին առաջարկվել է հանդիպման անցկացման կոնկրետ ամսաթիվ և վայր՝ համաձայնագրի վրա աշխատելու համար:
«Երկու օր առաջ Հայաստանի վարչապետը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Ցավոք, նրա ելույթը հերթական անգամ ցույց տվեց, որ Հայաստանը հավատարիմ է առճակատման շարունակմանը՝ հարաբերությունների կարգավորման փոխարեն», – ասել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: