Սեպտեմբերի 28-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանությանն առընթեր ռազմական և ռազմաօդային կցորդ Վ. Ա. Կոսովն այցելել են Ջերմուկ և Գորիս քաղաքներ։
Ըստ դեսպանության՝ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը տեղում հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և սեպտեմբերի 13-14-ը գնդակոծության հետևանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին:
Այցի շրջանակներում Կոպիրկինը նաև այցելել է Գորիս քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի առանձին գումարտակային խմբի և Սիսիան քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: