ԵՄ – ն ամեն ինչ արել է, որպեսզի հրադադարի ռեժիմ մտցնի, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սաստկացման վերաբերյալ հարցին ի պատասխան: Այս մասին գրում է Rival Times-ը։
«Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին», – ասել է Բորելը՝ հավելելով, որ իրենք խնդրում են Թուրքիային օգտագործել այդ ազդեցությունը երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու համար:
Բորելը կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը, ինչը, նրա կարծիքով, կօգնի նվազեցնել լարվածությունը:
«Ես կցանկանայի, որ մենք կարողանանք խաղաղության հասնել կովկասյան տարածաշրջանում և շատ այլ ոլորտներում, որտեղ խաղաղության կարիք կա։ Ցավոք, մենք ունենք միայն այն միջոցները, որոնք ունենք, այն է՝ քաղաքական ազդեցությունը։ Մենք ունենք տարածաշրջանի հարցերով հատուկ դեսպանորդ, որը մշտական կապի մեջ է երկու երկրների և Մինսկի խմբի եվրոպական անդամների հետ։ Մենք նաև հումանիտար օգնություն ենք առաջարկում, և դա այն է, ինչ մենք ի վիճակի ենք անել», – ասել է Բարձր ներկայացուցիչը։
«Ադրբեջանը գնդակոծել և օկուպացրել է հայկական տարածքի մի մասը, այն շրջանները, նրանք օգտագործել են հրետանի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր», – ասել է Բորելը:
«Տեղի ունեցողը շատ տխուր է, մոտ 300 զինվոր է զոհվել, նրանցից 207-ը հայեր են։ Կան որոշ օկուպացված տարածքներ, որոնք բացարձակապես անընդունելի են և անհարգալից են միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ։ Ուժերը այնքան մոտ են, որ նոր հակամարտության վտանգ կա», – ասել է Բարձր ներկայացուցիչը՝ հավելելով, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն։
Միևնույն ժամանակ նա հանդես է եկել ի պաշտպանություն Ադրբեջանի հետ ԵՄ-ի կնքած էներգետիկ համաձայնագրի՝ հայտարարելով, որ «համաձայնագիրը չի աշխատում ի վնաս մարդու իրավունքների կամ այլ ժողովրդավարական խնդիրների, որոնք ծագել են երկրում»:
Բորելը հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունը «սարսափելի» է անվանել և հավելել, որ այն հետաքննություն է պահանջվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Գերեվարված զինծառայողներից 17-ն ԱՄՆ միջնորդությամբ վերադարձել են հայրենիք։