Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Պրահայում տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ 13 տարվա դադարից հետո, երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը:
«Մենք նաև հանդիպում ենք ունեցել ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կկարողանանք հասնել մեր նպատակին՝ մեր տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հիման վրա»,- РИА Новости – ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ։
Ինչպես հաղորդում Է Daily Sabah-ը, Պրահայում կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի հետ իր հանդիպումն անցել է «բարեկամական մթնոլորտում»: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը «տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հիման վրա կարող են հասնել լիակատար կարգավորման»: Նա նշել է, որ կողմերի միջև հանդիպումները շարունակվում են հատուկ ներկայացուցիչների մակարդակով:
Նրա խոսքով, Թուրքիան նախապայմաններ չունի լիարժեք կարգավորման համար, Անկարան ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն կկարգավորեն իրենց խնդիրները և կհասնեն խաղաղ համաձայնության: Էրդողանը նաև հայտարարել է, որ Պրահայում կայացած հանդիպման ժամանակ «Փաշինյանին ասել է անհապաղ խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ»:
Ավելի վաղ Եվրոպական քաղաքական հանրության նիստի շրջանակներում տեղի է ունեցել Էրդողանի, Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ ֆորմալ առանձնազրույցը։ Այդ ձևաչափով սա առաջին հանդիպումն ու Էրդողանի և Փաշինյանի միջև, ավելի վաղ նրանք հեռախոսազրույց են ունեցել: