Վրաստանն իր հարթակն է առաջարկում Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղ երկխոսություն անցկացնելու համար։ Թբիլիսիի միջնորդական առաքելության մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հիշեցրել է Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իլյա Դարչիաշվիլին: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն նախօերին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական հանրության առաջին նիստի շրջանակներում կարևորել է Բաքու – Թբիլիսի – Երևան պլատֆորմի ստեղծումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման համար: Այս ձևաչափով Ադրբեջանի նախագահն առաջարկում է քննարկել էներգետիկայի, հաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր խնդիրներ։
Ալիևն ընդգծել է, որ աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչը ևս մեկ գործոն է, «որը կարող է ծառայել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը»:
«Թբիլիսին պատրաստ է լինել մի վայր, որտեղ մեր հարևանները կարող են հանգիստ և խաղաղ երկխոսություն վարել, որպեսզի կոնկրետ արդյունքներ ստանան բանակցություններից և որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի», — նշել է վրացական դիվանագիտության ղեկավարը լրագրողներին՝ արձագանքելով Ալիևի հայտարարությանը:
Նախարարի խոսքով՝ կողմերի հանդիպումը կարող է տեղի ունենալ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում՝ առանց նախապայմանների:
Դարչիաշվիլին հիշեցրել է, որ անցյալ տարի Վրաստանի վարչապետի մասնակցությամբ կոնկրետ արդյունք է ձեռք բերվել բանակցությունների արդյունքում, իսկ մի քանի ամիս առաջ Վրաստանում կայացել է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը:
Նշենք, որ նախօրեին Պրահայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի երկու քառակողմ հանդիպումները: Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ քաղաքացիական առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Վրաստանի մայրաքաղաքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին երկկողմ հանդիպումը։ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են սահմանի սահմանազատման և անվտանգության, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների ընդհանուր կարգավորման հանձնաժողովների աշխատանքին վերաբերող հարցեր: