«Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է բոլոր ջանքերին, որոնք ձեռնարկվում են տարբեր միջազգային մակարդակներում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններում խաղաղություն և հանգստություն հաստատելու նպատակով»։
Այս մասին Mehr-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի խորհրդարանի միջազգային հարցերով տնօրեն Քազեմ Շաֆեին շաբաթ օրը Թեհրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև այցերի փոխանակումը և երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում նրանց դերը՝ ընդգծելով, որ «երկու երկրների խորհրդարանների միջև շարունակական խորհրդակցությունները հարաբերությունների մակարդակի բարձրացման կարևոր գործոն են»: «Խորհրդարանական այցերը տնտեսական, մշակութային և քաղաքական տարբեր մակարդակներում կարող են երկկողմ հարաբերությունների զարգացման հանգեցնել», – հավելել է նա:
Հայաստանի դեսպանն իր հերթին մեծ նշանակություն է տվել Իրանի Իսլամական Հանրապետության՝ որպես տարածաշրջանում հզոր երկրի հետ հարաբերություններին և ասել, որ «երկու երկրները կարող են միմյանց հետ լավ հարաբերություններ ունենալ տարբեր ոլորտներում, հատկապես խորհրդարանական ոլորտում»:
Դեսպանն այցերի փոխանակումը գնահատեց որպես երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր գործոն և նշեց, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, և որքան շատ լինեն երկու երկրների միջև կապերն ու հանդիպումները, այնքան բարձր կլինի երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը:
Ավագյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու դիրքորոշման համար:
Քննարկվել են նաև երկկողմ հարցեր, և երկուստեք կարևորվել է երկկողմ համագործակցությունը տարածաշրջանի զարգացման և առաջընթացի գործընթացում: