Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի ընդլայնված կետերը, հայկական կողմը ժամանակ է պահանջել դրանց ծանոթանալու համար, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա հավելել է, որ ընդլայնված տարրերը լրացնում են ադրբեջանական կողմի նախկինում ներկայացված հինգ հիմնական սկզբունքները, որոնք պետք է դառնան խաղաղության պայմանագրի և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքը։
Արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացով, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի կնքման, հաղորդակցությունների բացման և հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման շուրջ։ «Այդ հարցերը պարբերաբար բարձրացվում են հանդիպումների ժամանակ, և Ադրբեջանը հայտնում է իր դիրքորոշումը»,- ասել է Բայրամովը։
Բայրամովը նշել է նաև, որ հոկտեմբերին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը։