Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հրամանագիր է ստորագրել Հայաստանի հետ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի քարտուղարություն ստեղծելու մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանձնաժողովի քարտուղարությունը բաղկացած է լինելու հինգ հոգուց և նախարարների կաբինետի կառուցվածքում գործելու է որպես գերատեսչություն։
Քարտուղարության գործառույթներն են՝ պետական հանձնաժողովի, փորձագիտական և աշխատանքային խմբերի աշխատանքային պլանի քննարկումների նախապատրաստում և կազմակերպում, հանձնաժողովի, փորձագիտական և աշխատանքային խմբերի նիստերում քննարկվող հարցերի նախապատրաստում, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի պատրաստում և քննարկում՝ փորձագիտական կամ աշխատանքային խմբերի անդամների մասնակցությամբ։
Սահմանազատման և սահմանների անվտանգության ազգային հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը։ Երևանն ու Բաքուն ազգային հանձնաժողովների երկու հանդիպում են անցկացրել՝ այս տարվա մայիսին և օգոստոսին։ Սահմանային հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերին Բրյուսելում։