Իրանի «Էվին» բանտում հրդեհի հետևանքով զոհեր և վիարավորներ կան: Կիրակի գիշերը բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 4 բանտարկյալ է զոհվել, 61-ը՝ տուժել: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ մահացած բանտարկյալները թունավորվել են շմոլ գազից։ 10 տուժած հոսպիտալացվել է, նրանցից չորսը ծանր վիճակում են։
Ավելի վաղ գործակալությունը տեղեկացրել էր, որ Էվին բանտի տարածքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժել է առնվազն ութ մարդ:
Հիշեցնենք, որ Իրանական «Էվին» կոչվող բանտում, որտեղ, մասնավորապես, քաղբանտարկյալներ են պահվում, խոշոր հրդեհ է բռնկվել:
Միջադեպը տեղի է ունեցել հակակառավարական բողոքի ակցիաների ֆոնին: Իրանում բողոքի ակցիաներն սկսվել են սեպտեմբերի 17-ին 22-ամյա Մախսա Ամինիի հուղարկավորությունից հետո: Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ քուրդ աղջիկը ձերբակալվել է ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ունեցել, որից մահացել է։ Սոցիալական ցանցերում, սակայն, տեղեկություն էր տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։