Իրանի և Ադրբեջանի սահմանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի զորավարժությունները սպառնալիք չեն ներկայացնում որևէ հարևան երկրի համար, հոկտեմբերի 24-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանին, հաղորդում է ISNA գործակալությունը։
Կանանիի խոսքով՝ զորավարժությունները նախապես պլանավորված են եղել և ուղղված չեն եղել որևէ հարևան պետության դեմ։
«Հարևանները մեզ համար կարևոր են, և հարևանների հետ հարաբերությունների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է։ Ընդհանուր սահմանների անվտանգությունը Իրանի ռազմավարական գերակայությունն է», – հայտարարել է նա՝ ընդգծելով, որ Իրանը ժամանակին տեղեկացնում է իր զորավարժությունների մասին նրանց, ում անհրաժեշտ է։
«Բարեբախտաբար, Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում։ Ադրբեջանի իշխանությունները նախապես տեղեկացված են եղել այդ զորավարժությունների մասին», — հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը և ընդգծել, որ «տարածաշրջանում միջազգային սահմանները չպետք է փոխվեն»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հոկտեմբերին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը զորավարժություններ էին անցկացրել Ադրբեջանի հետ սահմանակից Արաքս գետի մոտ՝ Արևելյան Ադրբեջան և Արդեբիլ Նահանգների հյուսիսում:
Զորավարժությունների ընթացքում ԻՀՊԿ ստորաբաժանումները հարկադրել են իրանական տարածքի սահմաններում սահմանային Արաքսի ուղիները։
Թեև մանևրներն անցկացվել են ըստ տարեկան ժամանակացույցի, դա հիմք է տվել փորձագետներին ասելու, որ Իրանը ցույց է տալիս Արաքս գետը Ադրբեջանի տարածք անցնելու պատրաստակամությունը։
2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումից հետո Իրանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել են, որ չեն հանդուրժի տարածաշրջանում պետությունների սահմանների փոփոխությունը։