Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատում ենք լարվածության դեէսկալացման ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Անդրադառնալով Իրանի կողմից Ադրբեջանի հետ սահմանին իրականացվող զորավարժություններին, Փրայսը նշել է, որ այդ առումով որևէ հատուկ մեկնաբանություն չունի:
«Իհարկե, մենք հասկացրել ենք, որ շահագրգռված ենք տարածաշրջանի կայունությամբ ու ուզում ենք Կովկասը կայուն տեսնել, այդ ուղղությամբ մենք աշխատում ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Աշխատում ենք այդ երկու երկրների միջև լարվածության դեէսկալացման ուղղությամբ և ցանկացած ավելի լայն լարվածության դեէսկալացման ուղղությամբ, որը կարող է առաջանալ»,- ասել է Փրայսը:
Հիշեցնենք, որ Իրանի ցամաքային զորքերը երկրի հյուսիս-արևմուտքում լայնածավալ զորավարժություններ են սկսել:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը հոկտեմբերի 17-ին զորավարժություններ են սկսել Արաքս գետի շրջանում, որը գտնվում է Արևելյան Ադրբեջան և Արդեբիլ Նահանգների հյուսիսում: