Ադրբեջանը մեծ աշխատանք է կատարում բանակում «թուրքական մոդելի» ներդրման ուղղությամբ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, հայտնում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները։
«Աշխատանքների մեծ մասը կատարվել է։ Փոխվել է կազմակերպական-հաստիքային կառուցվածքը, համակարգը, հիմնականում՝ կառավարումը։ Դա հաջողությամբ ներդրվել է, և իրեն ցույց է տվել վերջին մարտերում», – նշել է Հասանովը։
Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմը սերտորեն համագործակցում է Թուրքիայի զինված ուժերի հետ։
«Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ մենք առաջ ենք շարժվում և մեծ աշխատանք ենք կատարում, որպեսզի մեր բանակը համապատասխանի թուրքական զինված ուժերին։ Բնականաբար, այս հարցում խնդիր է դրված բանակը ամենաժամանակակից սպառազինությամբ մատակարարել և ապահովել», – ընդգծել է գերատեսչության ղեկավարը։
Ադրբեջանական բանակը հետաքրքրված է սպառազինությունների մեծամասնությամբ, որոնք ցուցադրվում են Թուրքիայի «Saha Expo» ցուցահանդեսում, արդեն պայմանագրեր են կնքվել, հայտնել է Հասանովը:
«Հատուկ կցանկանայի նշել, որ վերջին տարիներին Թուրքիայում մեծ աշխատանք է տարվում սպառազինությունների արտադրության ոլորտում։ Դա մեզ ուրախացնում է», – ընդգծել է Զաքիր Հասանովը։
Նախարարը նշել է, որ ադրբեջանական Կոմանդոսը ցույց է տվել իր հնարավորությունները անցած ամիս սահմանին Հայաստանի դեմ մղված մարտերում։
«Նրանք հաջողությամբ ավարտեցին առաջադրանքը։ Հաջողությամբ իրականացվում են նաև այլ հարցեր», – հավելել է նախարարը։