Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումները զորավարժություններ են սկսել երկրի հարավային սահմանների մոտ։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնել է այդ երկրի Պաշտպանության նախարարությունը։
«Պաշտպանության նախարարի հաստատած 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն, դրանք ղեկավարում է գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը։ Հատուկ նշանակության ուժերի զորամասերի նախապատրաստումը սկսվել է Ադրբեջանի հանրապետության հարավային սահմանների մոտ գտնվող շրջաններում», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պլանի համաձայն՝ զորամասերը բարձրացվել են «Տագնապ» ազդանշանով։ Զորավարժություններին ներգրավված են նաև ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները, հրթիռային ու հրետանային զորքերը։ Կազմակերպվում է նաև փոխգործակցություն բանակի այլ ճյուղերի հետ։
Ինչպես հայտնել են ՊՆ-ում, պլանի համաձայն, նախապատրաստության հաջորդ փուլերում հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանումները մի շարք խնդիրներ կկատարեն ռազմաօդային ուժերի, ինչպես նաև նրանց ապահովող հրթիռային և հրետանային զորքերի ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ:
Զորավարժությունների շրջանակներում ստուգումներ են անցկացվում հատուկ նշանակության ստորաբաժանումների հատուկ պատրաստության առանձին տեսակների վերաբերյալ, հավելել են Ադրբեջանի ռազմական գերատեսչությունում:
Նշենք, որ հոկտեմբերի վերջին Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերը լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի սահմանամերձ շրջանում: