Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և գերատեսչության ղեկավար կազմը ստուգել են երկրի հարավային շրջաններում տեղակայված զորամասերի և կազմավորումների մարտունակությունը, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 3-ին Հասանովը հետևել է նշված տարածքներում անցկացվող հատուկ նշանակության ուժերի զորամասերի զորավարժություններին: Նշվում է, որ հատուկ նշանակության ջոկատայինների գործողություններն իրականացվել են ռազմաօդային ուժերի և հրթիռահրետանային ստորաբաժանումների աջակցությամբ:
Զորավարժության ընթացքում կատարվել են նաև բնակավայրում մարտական գործողություններ, պայմանական հակառակորդի խորության վրա վայրէջք կատարել, որոգայթ սարքել և խմբերին օդով մատակարարել։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Հասանովի հետ միասին հարավում ուժերի մարտունակության ստուգմանը մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի ԶՈՒ հատուկ նշանակության խմբի հրամանատար, գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայը: Նշվում է, որ Էրսայը նաև հետևել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների զորավարժություններին։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Ադրբեջանը հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ է անցկացնում երկրի հարավային սահմանների մոտ։