Բաքվում նոյեմբերի 15-ին տեղի կունենա հակաիրանական ցույց։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ «Մուսավաթ» կուսակցությունը բողոքի ակցիա կանցկացնի Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց։
Ակցիան կանցկացվի «Իրանի հակաադրբեջանական քաղաքականության և այս երկրում խաղաղ ցույցերը դաժանորեն ճնշելու դեմ», հայտնում են ԶԼՄ-ները։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն անընդունելի էր համարել երրորդ կողմերի ազդեցության տակ Հայաստանի «դեստրուկտիվության» դրսևորումը։ Նա հայտարարել էր, որ Ադրբեջանը «դա թույլ չի տա» և «վճռականորեն կդադարեցնի բոլոր սադրանքները»։
Վերջին շաբաթներին Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունն աճել է։ Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Թեհրանը ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, որ Իրանի կողմից տարածաշրջանում սահմանների փոփոխությունն անընդունելի է համարում։
Հոկտեմբերի 21-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողության ժամանակ հայտարարել էր, որ Իրանը Հայաստանի անվտանգությունն իր անվտանգությունն է համարում։
Հոկտեմբերին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերն Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Ադրբեջանի սահմանների մոտ։
Նոյեմբերին Ադրբեջանը հատուկ նշանակության զորավարժություններ է անցկացրել Իրանի հետ սահմանին։