Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության վեց անդամներ ձերբակալվել են Բաքվում բողոքի ցույցերը ճնշելու ընթացքում։ Ձերբակալվածներին նախազգուշացրել են նոյեմբերի 15-ին հայտարարված ակցիային չմասնակցելու մասին և բաց են թողել, հայտնել են կուսակցությունից:
Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցությունը, ի հեճուկս քաղաքապետարանի արգելքի, Բաքվում ցույց է անցկացրել հավաքների ազատության, քաղբանտարկյալների ազատ արձակման, ազատ ընտրությունների անցկացման և ժողովրդավարական բարեփոխումների պահանջներով: Ուժայինները կոշտ ցրել են ցուցարարներին՝ ակտիվիստների տվյալներով ձերբակալելով առնվազն 150 մարդու, ևս մոտ 50 մարդ ձերբակալվել է մինչև ակցիայի մեկնարկը:
Ձերբակալվածների թվում են եղել ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամ Վալեխ Գումբատովը և ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի և «Մուսավաթ» կուսակցության համակարգող կենտրոնի անդամ Թոֆիգ Յաղուբլուն:
Վալեխ Գումբատովին ձերբակալել են նրա տանը՝ նախքան ակցիան սկսելը, նոյեմբերի 11-ին «Кавказский узел»-ին հայտնել է կուսակցության անդամ Զաֆար Ահմեդովը։ «Տանից տարել են առանց որևէ բացատրության։ Վալեխ Գումբատովին ոստիկանությունում հարցաքննել են բողոքի ակցիաներին նրա մասնակցության պատճառների մասին։ .. Գումբատովին ազատ են արձակել՝ նախազգուշացնելով, որ նա չմասնակցի ակցիային», – պատմել է նա ։
«Մուսավաթ» կուսակցության վեց անդամներ նոյեմբերի 11-ին կարճ ժամանակով ձերբակալվել են, հայտնել է կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Մուստաֆա Հաջիբեյլին: «Ինձ բերման են ենթարկել կեսօրին մոտ։ Քաղաքացիական հագուստով երկու տղամարդիկ, ովքեր տան մուտքի մոտ սպասում էին ինձ, ասացին, որ ես պետք է գնամ նրանց հետ: Նրանք ասացին, որ իրենց ղեկավարը ցանկանում է ինձ տեսնել: Ինձ տարել են ոստիկանության Բինագադինի շրջանային վարչության հինգերորդ բաժանմունք», – հայտնել է Հաջիբեյլին։
Նրա խոսքով՝ բաժանմունքում նրան տարել են պետին։ «Աշխատասենյակում բաժանմունքի պետ Ջավիդ Իսմայիլզադեն ինձ բարևեց։ Չհաղորդելով իմ բերման ենթարկման պատճառները՝ պետը հրամայեց ենթականերին հետ տանել ինձ տուն։ Ոստիկանությունում ինձ հետ ճիշտ են վարվել, բայց, այնուամենայնիվ, իմ ձերբակալությունն անօրինական է եղել և ճնշում է գործադրվել», – ասաց ակտիվիստը։
Այդ ձերբակալությունները կապված են ընդդիմության՝ բողոքի ակցիաներ անցկացնելու ծրագրերի հետ, համոզված են կուսակցությունում։ «Երեկ ժամը 4-ին նախատեսվում էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցության հանրահավաքը, իսկ նոյեմբերի 15-ին «Մուսավաթը» պատրաստվում է ցույց անցկացնել Իրանի դեսպանատան առջև՝ ի նշան բողոքի այդ երկրում խաղաղ ցույցերի ճնշման, ինչպես նաև Թեհրանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության դեմ ուղղված քաղաքականության վարման դեմ: Ըստ երևույթին, ոստիկանությունը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել մեզ վրա, որպեսզի խափանեն ակցիաները կամ նվազագույնի հասցնեն նրանց մասնակիցների թիվը», – ասել է Հաջիբեյլին ։