ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայումս չի գործում, սակայն խմբի մանդատը և նպատակը պահպանվում են: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ, Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Ֆիլիպ Ռիկերը՝ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեում տեղի ունեցած լսումների ժամանակ:
«Ես կարծում եմ, որ կոնսենսուսի հիման վրա մենք կարող ենք վերջ դնել այդ մանդատին, բայց նաև կարծում եմ, որ այդ մանդատն ինքնին բավականին օգտակար է։ Մինսկի խմբի համանախագահության գործընթացն ինքնին, փաստորեն, այլևս չի գործում, և մենք կողմերի հետ մասնակցում ենք խաղաղության հասնելու գործընթացին»,-հայտարարել է նա։
Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ Ադրբեջանը պարզապես հայտարարել է, որ այլևս գործ չի ունենալու Մինսկի խմբի հետ: Ռիկերը նշել է, որ շատ սերտ կապեր է պահպանում ֆրանսիացի գործընկերոջ, ԵՄ-ի, այլ շահագրգիռ կողմերի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի հետ:
Ավելի վաղ՝ ապրիլին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վաշինգտոնին և Փարիզին մեղադրել էր այն բանում, որ նրանք Ուկրաինայում ռուսական գործողության ֆոնին դադարեցրել են Մոսկվայի հետ բոլոր շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռանախագահության շրջանակներում։
Դրանից հետո Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը շարունակել է իր աշխատանքը որպես ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով: Օգոստոսին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆիլիպ Ռիկերին նշանակել է Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական: Այդ պաշտոնում Ռիկերը կատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահի գործառույթները: