Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակի և դարաշրջանի պահանջ է անվանել Բաքվի և Երևանի միջև խաղաղության և անվտանգության ապահովումը՝ միջազգային իրավունքի և արդարության սկզբունքի հիման վրա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ Ալիևի՝ պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունները չեն կարող հավերժ լինել։ Նա ընդգծել է, որ արդի ժամանակաշրջանում, «երբ ձևավորվում է նոր աշխարհակարգ, որն ուղեկցվում է միջազգային հարաբերությունների համակարգում լուրջ ցնցումներով, անհրաժեշտություն է առաջացել, որ քաղաքական կուսակցությունները և միջազգային կազմակերպությունները վերագնահատեն իրենց դիրքորոշումներն ու հնարավորությունները՝ ազդելու տարբեր իրադարձությունների մակարդակների վրա»:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ պետությունների առջև ծառացած ժամանակակից գլոբալ մարտահրավերների շարքում խաղաղության և անվտանգության խնդիրները ամենահրատապն են, որոնք ազդում են բոլոր ոլորտների և միջազգային հարաբերությունների վրա։
«Սա զգայուն և առաջնահերթ խնդիր է նաև Ադրբեջանի համար»,- նշել է Ալիևը՝ Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովին (ICAPP) ունեցած ելույթի ժամանակ, որի թեման էր «Խաղաղություն և անվտանգություն. քաղաքական կուսակցությունների դերը»։