Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվել է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստման վերաբերյալ:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը հայտարարել էր, որ Խովաևի այցը Երևան թույլ է տվել օգտակար քննարկումներ անցկացնել հայ գործընկերների հետ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ Խովաևը նաև այցելել էր Երևան։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Խովաևին մանրամասներ էր ներկայացրել խաղաղության պայմանագրի հայկական մոտեցումների մասին։
Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդները հոկտեմբերի 31-ին եռակողմ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են շարունակել իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերերով ձեռք բերված պայմանավորվածությունները։