Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում երբեք նման իրավիճակ չի եղել, ինչպես հիմա է։ Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը վարժանքներ է անցկացրել Իրանի հետ սահմանին՝ ցույց տալու համար, որ չի վախենում Թեհրանից։
«Ես աշխատել եմ Իրանի երեք նախկին նախագահների՝ Խաթամիի, Ահմադինեժադի և Ռոհանիի հետ։ Այս տարիների ընթացքում երբեք նման իրավիճակ չի ստեղծվել։ Երբեք Իրանը մի քանի ամսվա ընթացքում երկու անգամ զորավարժություններ չի անցկացրել մեր սահմանների մոտ, երբեք այսքան ատելությամբ ու սպառնալիքներով լի հայտարարություններ չեն եղել Ադրբեջանի հասցեին»,- ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերում են Ալիևի խոսքերը։
Ալիևի խոսքով՝ Բաքուն հարկադրված է եղել զորավարժություններ սկսել Իրանի հետ սահմանին «ցույց տալու համար, որ իրենք չենք վախենում նրանցից»։ Նա նաև հայտնել է, որ 2022 թվականին Բաքուն և Անկարան 10-ից ավելի համատեղ զորավարժություններ են անցկացրել։
«Բոլոր նրանք, ովքեր թշնամական ծրագրեր են մշակում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, պետք է իմանան, որ թուրքական բանակը ոչ միայն Թուրքիայի բանակն է, այլ նաև մերը, և հակառակը՝ մեր բանակը նաև Թուրքիայի բանակն է։ Եվ բոլոր նրանք, ովքեր սադրանքներ են ծրագրում մեր սահմաններին՝ փորձելով վախեցնել մեզ, չպետք է մոռանան այս մասին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։