Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Ներկայացնելով Բաքու կատարած իր վերջին այցի արդյունքները՝ Կլաարը «կարևոր» է անվանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պարտավորությունը՝ նպաստելու Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը ԵՄ ձևաչափով։
«Շատ մարտահրավերներ դեռ պետք է հաղթահարվեն։ Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ համապարփակ կարգավորման հասնելու և լարվածությունը թուլացնելու համար»,- գրել է նա։
Կլաարն ավելի վաղ մեկնաբանել էր հոկտեմբերին Երևան կատարած այցի արդյունքները։ Նա օգտակար է համարել իր հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ՝ նշելով, որ այս հանդիպումներում իր ուշադրության կենտրոնում է եղել հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում ԵՄ ակտիվ մասնակցությունը։