Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, ըստ որի՝ Պրահայի և Սոչիի հանդիպումներում չի հստակեցվել, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիան: Էդմոն Մարուքյանը թեմային անդրադարձել է՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան:
«Ուզում եմ նշել, որ Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կողմնորոշվեն մի հարցի շուրջ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման գոյություն ունի՞, թե ոչ, քանի որ նրանք 2021թ. մայիսի 12-ի և 2022թ. սեպտեմբերի 13-ի Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիաների և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի ժամանակ պնդել են, որ սահմանը դելիմիտացված չէ, և չկա սահման, իսկ հիմա ինչպե՞ս են պնդում, որ ադրբեջանական տարածքներ կան, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ։ Նման պնդում անելով՝ ադրբեջանական կողմն ընդունում է, որ գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահման»,-նշել է Մարուքյանը։
Ըստ նրա՝ պետական սահմանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է և բխում է միջազգային իրավունքից. այն է՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահման գոյություն ունի, Ալմա-Աթայի հռչակագրի և դրան կից արձանագրությունների հիման վրա այս սահմանի ճանաչումը կողմերը վերահաստատել են 2022թ. հոկտեմբերի 7-ի Պրահայի քառակողմ հանդիպման և 2022թ. հոկտեմբերի 31-ի Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ:
«Արձանագրելով պետական սահմանի առկայությունը՝ մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ Հայաստանի Տավուշի մարզի մի շարք գյուղերի՝ Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոս և Ջրամբարի մեծ հատվածը, Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսը, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերի վարելահողերը ևս 90-ականներից մինչև հիմա օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Հայաստանը հետևողական է լինելու, որ նշված տարածքները նույնպես վերադարձվեն։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պարբերաբար բարձրացվող քարտեզների հարցին, թե իբրև հայտարարություններում խոսք չկա հստակ քարտեզների մասին և իբրև հստակ չէ, թե ինչ քարտեզներով պետք է սահմանազատումն իրականացվի, ապա այստեղ էլ ադրբեջանական կողմը ինքն իրեն հակասում է։ Ալմա-Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով միմյանց սահմանները փոխադարձ ճանաչելով՝ Ադրբեջանն այլևս փակել է քարտեզների շահարկման թեման, քանի որ հստակ է, որ խոսքը Խորհրդային Միության հանրապետությունների վարչական սահմանների մասին է։ Հետևաբար այստեղ ևս հնարավոր չէ մի դեպքում պնդել, որ այո՝ ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով, սակայն հետո շարունակել պատմական քարտեզների մասին անորոշ խոսույթը»,-նշել է դիվանագետը։
Նշենք, որ նախօրեին պատասխանելով հարցին, թե Բաքուն կրկին հնչեցնում է պատմական քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացն իրականացնելու մասին թեզը, Միրզոյանը շեշտել էր, որ նման հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը։ «Նման հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը»,- ասել է նա։