Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակի և հեռանկարների, ինչպես նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության օրակարգի տարբեր հարցերի շուրջ:
Նախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա վիճակի, հաղորդակցությունների բացման և սահմանազատման աշխատանքների մասին։
Կարեն Դոնֆրիդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Նա կարևորել է խաղաղ գործընթացի առաջխաղացումը՝ համաձայն երկրների ղեկավարների և նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։