Թուրքիայի ԶՈՒ գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայը նշանակվել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի խորհրդական։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրանց տվյալներով՝ նշանակումը կատարվել է մեկուկես տարի առաջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրսայը զբաղեցնում է Ադրբեջանում Թուրքիայի ԶՈՒ հատուկ նշանակության խմբի հրամանատարի պաշտոնը։
Նշենք, որ Էրսայը որպես Հասանովի խորհրդական հիշատակվում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության դեկտեմբերի 10-ի հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրք գեներալը ելույթ է ունեցել Ադրբեջանի ՊՆ կոլեգիայի նիստում և պատմել է Ադրբեջանի ԶՈՒ-ին թուրքական ԶՈՒ մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ կատարված աշխատանքի մասին:
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ տեղեկությունը, թե Բախտիյար Էրսայը երկրի ՊՆ ղեկավարի խորհրդականն է, նախկինում ոչ մի տեղ չի հրապարակվել:
Նոյեմբերի սկզբին հաղորդվել էր, որ Էրսայը Զաքիր Հասանովի հետ մասնակցել է երկրի հարավում Ադրբեջանի ԶՈՒ մարտունակության ստուգմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Էրսայը մասնակցել է 2020 թվականի աշնանը Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը և կազմակերպմանը։