ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովումը, ինչպես նաև Հարավային Կովկասում տրանսպորտային-լոգիստիկ և առևտրատնտեսական կապերի վերականգնման նախագծերը, երկուշաբթի հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում դեկտեմբերի 9-ին Բիշքեկում կայացած Պուտին-Փաշինյան զրույցի զարգացման նպատակով շարունակվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հիմնարար պայմանավորվածությունների իրագործման հարցերի քննարկումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը, ինչպես նաև Անդրկովկասում տրանսպորտային-լոգիստիկ և առևտրատնտեսական կապերի վերականգնման նախագծերին», – ասված է հաղորդագրության մեջ:
Այսօր ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։