Հայաստանը թույլ չի տա երրորդ երկրներին օգտագործել իր տարածքը «Զանգեզուրի միջանցքի» անցկացման համար: Այս մասին Tasnim-ին տված հարցազրույցում ասել է Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանը։
Նա ընդգծել է, որ Երևանն ու Բաքուն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ստորագրել, և Հայաստանը որևէ պարտավորություն չունի այս հարցում։
Դեսպանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին՝ Ադրբեջանի արևմտյան հատվածների և Նախիջևանի միջև անվտանգ ցամաքային կապերի ապահովման վերաբերյալ։
Այդ նպատակով, ասել է դեսպանը, Հայաստանը սահմանին մի քանի անցակետ է ստեղծել, և, ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ վարչապետը, Ադրբեջանի քաղաքացիները կարող են օգտվել այդ երթուղիներից՝ Նախիջևան և հակառակ ուղղությամբ մեկնելու համար։
Նոյեմբերի 10-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերին։
«Այս հարցում Հայաստանը միայն մեկ պարտավորություն ունի՝ ապահովել տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, մինչդեռ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կամ որևէ այլ հայտարարության մեջ կոնկրետ երթուղիներ նշված չեն»,- ասաց Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել։