Ադրբեջանի տարածքում Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման աշխատանքները կավարտվեն 2024 թվականին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ։ Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածում երկաթուղու վրա կատարված աշխատանքների ծավալը կազմում է 40%, իսկ մայրուղու կառուցմանը՝ 70%։ Բոլոր աշխատանքները կավարտվեն 2024 թվականին, և արդյունքում կստեղծվի նոր տրանսպորտային միջանցք»,- ասել է Ալիևը Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարների գագաթնաժողովում։
Բացի այդ, Ալիևը նշել է, որ ներկայումս Ադրբեջանում գործում է 8 միջազգային օդանավակայան։ Նրա խոսքով՝ 2024 թվականին Լաչինում կբացվի միջազգային օդանավակայան, որի արդյունքում երկրում օդային նավահանգիստների ընդհանուր թիվը կհասնի 9-ի։