Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը` մեկնաբանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Մենք հուսով ենք, որ համապատասխան երկրները կուժեղացնեն երկխոսությունը, ինչպես նաև համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը և քաղաքացիների խաղաղ կյանքը»,- ասել է Վան Վենբինը ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին ի պատասխան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։