«Ադրբեջանն ու Իսրայելը ռազմավարական գործընկերներ են, ուստի մենք դրան լուրջ ենք վերաբերվում։ Մենք հենց այնպես չենք օգտագործում «ռազմավարական» բառը որևէ երկրի նկատմամբ։ Այս առումով մեր գործընկերությունը խորն է և ընդգրկում է ամենատարբեր ոլորտներ»։
Այս մասին ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Ջորջ Դիկը։
«Մենք նաև հասկանում ենք, որ Ադրբեջանն ապրում է բարդ հարևանության մեջ հարևանների հետ, որոնք չեն վախենում իրեն սպառնալ, այն երկրների հետ, որոնք բացահայտ կամ քողարկված սպառնում են նրա անկախությանը կամ տարածքային ամբողջականությանը: Մենք, որպես բարեկամներ, կանենք ամեն ինչ, որպեսզի հզորացնենք Ադրբեջանը, որպեսզի կանխենք այն սպառնալիքը, որը կարող է գալ ցանկացած ուժից մեր գործընկեր Ադրբեջանի դեմ»։
«Կարծում եմ, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսրայելը, Ադրբեջանը, Թուրքիան, Արաբական աշխարհը, պետք է միավորվեն, որպեսզի ստեղծեն դաշինք, որը կկասեցնի Իրանի վնասակար գործունեությունը, որն ուղղված է ահաբեկչության, անկայունության և բռնության տարածմանը ողջ տարածաշրջանում»,-նշել է դեսպանը: